Rate this item
(0 votes)

Արամ Ոսկանյան. «Այսօր մեր լավագույն խաղը չցուցադրեցինք»

ՀՀ գավաթի խաղարկության  «Ալաշկերտի հետ  կիսաեզրափակչի  պատասխան խաղից         (0:1)հետո   «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն այսպես մեկնաբանեց  իր  սաների ելույթը.

- «Ալաշկերտին» շնորհավորում եմ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Մենք շատ լավ թիմ ունենք, հասկանում եմ մեր ներուժը, բայց չէի ասի, որ այսօր մեր լավագույն խաղն էր: Խաղից առաջ տեսնելով «Ալաշկերտի» մեկնարկային կազմը, հասկացանք, որ գերհագեցած պաշտպանությամբ են խաղալու: Դա նորմալ է, քանի որ առաջին խաղում հաղթել էին 1-0 հաշվով: Փորձեցինք առաջին կեսում գրոհներ կառուցել, բայց մի փոքր չէր բավականացնում վերջնամասում: Օգնեն Կրասիչը մրցակցի սխալի արդյունքում ունեցավ գոլային պահ:
Այնուհետև գոլ բաց թողեցինք, բայց այդ գոլը ոչինչ չէր փոխում, քանի որ եզրափակիչ դուրս գալու համար մեզ, ամեն դեպքում, երկու գնդակ էր հարկավոր:  Տղաները չընկճվեցին, երկրորդ կեսում փոփոխություններ կատարեցինք՝ նաև մարտավարության առումով: Սկսեցինք խաղալ 3-4-3 համակարգով: Բազմաթիվ կոմբինացիաներ ձեռնարկեցինք, բայց բանը չհասավ վերջին որոշիչ հարվածին:
Այս խաղում մեզ չբավականացրեց գոնե մեկ գոլ խփելը: Եթե ստացվեր, ապա ուրիշ սցենարով կընթանար խաղը: Պատրաստվենք առաջնությանը:

- Առաջին կեսում անընդհատ փորձում էիք երկար փոխանցումներով հակագրոհներ ձեռնարկել, որոնք չէին ստացվում: Ինչու՞ չփորձեցիք խաղալ կարճ փոխանցումներով:
- Ես չեմ հիշում, որ այդպես էր: Այո, հակագրոհելիս երկար փոխանցումներ կատարում էինք, սակայն հիմնականում խաղում էինք միջին ու կարճ փոխանցումներով: Մրցակիցն էլ հետ քաշված էր խաղում և երկար փոխանցումներով խաղալու դեպքում դժվար թե ինչ-որ արդյունքի հասնեինք, քանի որ այնտեղ խաղում են բարձրահասակ պաշտպաններ:

- Ասում են՝ հաղթական կազմը չեն փոխում, բայց նախորդ խաղի համեմատությամբ բացակայում էին Նարեկ Պետրոսյանը, Մատվեյ Գույգանովն ու Ռումյան Հովսեփյանը: Ի՞նչն էր պատճառը:
- Ռումյանի մոտ ցավեր կային, որոնք չէինք ցանկանա, որ խորանային: Դրա համար էլ հանգստանալու հնարավորություն տվեցինք: Իսկ Նարեկի ու Արթուր հետ կապված, իրենց էլ եմ ասել, որ իրենք երկուսն էլ ձախ պաշտպան են, բայց տարբեր ոճերի՝ մեկն ավելի պաշտպանողական, մյուսն ավելի հարձակողական:  Այսօր մեզ հարկավոր էր գոլ խփել, այդ պատճառով էլ նախընտրել էինք դաշտ դուրս բերել Արթուր Ավագյանին: Ինչ վերաբերվում է կենտրանական պաշտպանի դիրքին, Մատվեյը նախորդ խաղում գերազանց խաղաց, բայց ես գտա, որ պետք է ինքը խաղա:

- Ի՞նչը չհերիքեց Ձեզ այս խաղում: Մրցակցի մոտ տակտիկական փոփոխություն չկար, սակայն նախորդ խաղում հաղթեցիք 3-0 հաշվով, իսկ այսօր պարտվեցիք:

- Տարբերությունը նրանում էր, որ մի խաղն առաջնության հանդիպում էր, մյուսը՝ գավաթի: Նրանք առաջին խաղում հաղթել էին և կենտրոնացել էին պաշտպանության վրա: Հնարավոր է՝ ես էլ այդ կերպ վարվեի նման իրավիճակում: «Ալաշկերտը» ոչ մի խաղում նոմինալ հինգ պաշտպանով չէր խաղացել, այսօրվա խաղում բոլորը հինգը նոմինալ պաշտպաններ էին: Նախորդ խաղերում, եթե եղել է այդ սխեման, ապա աջից խաղացել են կամ Արտակ Եդիգարյանը կամ Արտակ Դաշյանը, ովքեր հարձակողական ոճի ֆուտբոլիստներ են: Դրա համար ավելի քիչ էին տարածությունները, մի փոքր պետք է ավելի արագ խաղայինք ու արագ որոշումներ կայացնեինք: Բայց պետք է նշեմ, որ մրցակիցը բավական մոտ ու տեղ-տեղ բավական կոշտ էր խաղում:


©2018 Armenian Soccer

back to top