Rate this item
(0 votes)

Արսեն Վենգեր.«Մխիթարյանի մոտ կրկնվել է ծնկի վնասվածքը»

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ ավարտել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի հանդիպումը: Երեկ՝ ապրիլի 29-ին, նա վնասվածք ստանալուց հետո փոխարինվեց 76-րդ րոպեին: Հանդիպումից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ նրա մոտ կրկնվել է ծնկի վնասվածքը:
«Ես փոխարինեցի Մխիթարյանին, քանի որ նա թեթև հարված էր ստացել ծնկին, հանդերձարանում այսպես նայելով, կարծես նույնն է, ինչ նախկինում»,- նրա խոսքերն են փոխանցում բրիտանական լրատվամիջոցները:
Մխիթարյանի գոլը, սակայն լոնդոնցիներին չօգնեց: Նրանք «Օլդ Թրաֆորդից» նույնիսկ 1 միավոր չտարան: Հանդիպման ավելացված ժամանակում «Յունայթեդի» կազմում հաղթական գոլը խփեց Մարուան Ֆելաինին:
Մխիթարյանի նոր վնասվածքի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն: Դեռ պարզ չէ՝ նա կկարողանա մասնակցել «Ատլետիոյի» դեմ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղին, թե՝ ո՛չ: Հանդիպումը կայանալու է մայիսի 3-ին:
Հիշեցնեք, որ Մխիթարյանը ծնկի կապանները վնասել էր ապրիլի 5-ին տեղի ունեցած Եվրոլիգայի   քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի հետ անցկացրած  առաջին խաղում:


©2018 Armenian Soccer

back to top