Rate this item
(0 votes)

Արամ Ոսկանյան. «Տղաներն այրվեցին մեծ ցանկությունից»

Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հետևյալ կարծիքն է հայտնել ՀՀ առաջնության  25-րդ տուրի «Արարատի» հետ խաղից (1:2) հետո.

- Գիտակցում էինք, որ «Արարատի» հետ բարդ է լինելու և այդ բարդությունից խուսափելու համար պետք էր գոլ խփել առաջին կեսում, ինչը մեզ հաջողվեց: Երկրորդ կեսում բազմաթիվ գոլային պահեր ունեինք, բայց չկարողացանք իրացնել:
Մրցակցի հակագրոհի ժամանակ կարելի էր մի փոքր խորամանկ լինել ու փոքր խախտում կատարել, որպեսզի գոլը բաց չթողեինք: Դա չարեցինք և հակագրոհի արդյունքում գոլ բաց թողեցինք: Ցանկանում էինք երեք միավոր վաստակել, սակայն ստացվեց, որ զրո միավոր ունեցանք:  
Հասկանում էինք խաղի ու միավորների կարևորությունը, դրա համար առաջ նետվեցինք ու գոլեր բաց թողեցինք: Հոգեբանորեն բարդ է, երբ մի թիմը մրցաշարային իմաստով ոչ մի  բանի համար չի պայքարում, իսկ մյուս թիմը պայքարում է չեմպիոնության համար: Հնարավոր է՝ տղաներն այրվեցին մեծ ցանկությունից:
Ամեն դեպքում, ավարտվեց հիգերորդ շրջանը, առջևում կա ևս մեկ շրջան: Արդեն պետք է խաղանք մեր անմիջական մրցակիցների հետ: Ամեն ինչ կանենք,  որպեսզի յուրաքանչյուր խաղում միավորներ  վաստակենք:  
Այս խաղից առաջ մտածում էի, որ 6 խաղում պետք է 12-13 միավոր վաստակել: Հիմա էլ ոչինչ կորած չէ:

- Չե՞ք կարծում, որ երկրորդ կեսում հախուռն խաղի պատճառով  վառվեցիք:
-  Հնարավոր է՝ ինչ-որ տեղ շտապողականություն կար: Ես անընդհատ ուզում էի հանգստացնել տղաներին: Հենց այդ մեծ ցանկությունն էր պատճառը, որ շտապում էինք, չէինք հասունացնում գրոհը, որ հետո միայն շարունակեինք:  «Արարատի» կազմում էլ խաղում էր 8 պաշտպան և մի քիչ բարդ էր: Պետք էր ավելի արագ տեղաշարժել գնդակը: 2-1 հաշվի ժամանակ մի փոքր չէինք հասկանում իրար, ինչը կապում ենք հախուռն խաղի ու լարվածության հետ:

- Մրցակիցներից երկուսը՝ «Գանձասարն» ու «Ալաշկերտը» նաև գավաթային խաղ ունեն: Դա կարո՞ղ է առավելություն լինել «Բանանցի» համար:
- Հիմա բարդ է ասել, քանի որ մինչ այդ խաղը երկու թիմերն էլ երեքական խաղ ունեն առաջնությունում: Հնարավոր է, մեկ-երկու տուր հետո ինչ-որ բան պարզ լինի: Բայց չեմ կարծում: Մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորվածությունը շարունակում է խիտ մնալ և թիմերից յուրաքանչյուրը պայքարելու է երեք միավորի համար: Առաջնության վերջնամասում նաև շատ են դեղին քարտերի պատճառով որակազրկումներն ու վնասվածքները:

- Հակոբ Հակոբյանը վնասվածքի պատճառով փոխարինվե՞ց:
- Այո, մի քիչ ցավեր ուներ: Որոշեցինք դաշտ մտցնել ավելի թարմ ֆուտբոլիստի, հարձակվողի:

- Իսկ Նորայր Գյոզալյա՞նը:
- Նորայր Գյոզալյանի նկատմամբ մրցակիցը շատ գրագետ կոպիտ խաղ խաղաց: Մեկ ոտքով՝ հենման ոտքով, հարվածեց ոտքին, մյուս ոտքով՝ գնդակին:  Նորայրին բոլորս ճանաչում ենք: Մինչև դանակը ոսկորին չհասնի, նա չի ընկնի: Կրնկաթաթի վնասվածք  է և չգիտեմ՝ երբ կապաքինվի:

- 11 մետրանոցի դրվագում Արթուր Ավագյանը՞ խախտեց կանոնները:
- Այո, կար 11  մետրանոց: Երևի՝ գլխավոր մրցավարին այդքան  պարզ չերևաց, բայց մրցավարի օգնականը հուշեց: Մաքուր 11 մետրանոց էր: Մի փոքր ուշացավ Արթուրը:

©2018 Armenian Soccer

back to top