Rate this item
(0 votes)

Վարդան Մինասյան. «Խաղի վրա ազդեց միայն այն, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը»

Սեպտեմբերի 9-ին,   Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից (2:0) հետո կայացավ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը:
-Ձեր կարծիքը խաղի մասին:

-Նախ ասեմ, որ Մակեդոնիան մեզ ոչնչով չզարմացրեց: Առաջին խաղակեսում գոլ ընդունեցինք, որը տրամաբանական չէր, քանի որ մեր դարպասին ոչ մի վտանգ չկար: Ուղղակի նվեր տվեցինք: Բացի այդ, մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային և առաջին խաղակեսի համար մշակված մարտավարությունն աշխատում էր: Երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք մարտավարությունը, պետք է գոլ խփեինք, բայց չստացվեց: Իսկ արդյունքը որոշվում է գոլերով, պետք է գրավել մրցակցի դարպասը: Մակեդոնիան երկուս ու կես պահ ուներ, որից երկուսն օգտագործեց: Բոլոր դեպքերում, շնորհավորում եմ Մակեդոնիայի հավաքականին:

-Արդյո՞ք Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ դժվարությամբ հաղթեցիք Լիխտենշտեյնին և այստեղ էլ չկարողացաք հաղթել:

-Ես երեկ ասեցի, որ Լիխտենշտեյնի հետ խաղում ութ 100%-ոց պահ ենք ստեղծել: Այս խաղում էլ, ինչպես տեսաք, կրկին չօգտագործեցինք մեր պահերը: Բայց, ես ասել էի, որ հուսով եմ, որ խմբի բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ամեն ինչ դեռ առջևում է:

-Արդյո՞ք ձեր հավաքականում ֆուտբոլիստներն ավելի շատ անհատապես են գործում, քան թիմային խաղ ցուցադրում և այդ պատճառով էլ պարտվում եք:

-Ոչ, մեր մոտ թիմային խաղը լավ մակարդակի վրա է: Առաջին խաղակեսում մենք ոչ մի հնարավորություն չենք տվել Մակեդոնիայի ընտրանուն: Բայց, դրա հետ մեկտեղ, մենք պետք է օգտագործեինք մեր պահերը:

-Ճի՞շտ որոշում էր՝ թողնել Մարկոս Պիզելիին և Արաս Օզբիլիսին պահեստայինների նստարանին:
-Չեմ կարծում, որ մենք սխալվել ենք, թե կազմի, թե մարտավարության առումով: Որոշ պատճառներից ելնելով, իրենց պահել էինք երկրորդ խաղակեսի համար: Ու նորից ասեմ, որ խաղի վրա ազդեց միայն այն, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը:   


©2018 Armenian Soccer

back to top