Rate this item
(0 votes)

Արամ Ոսկանյան.« «Ալաշկերտի» նպատակը մեկն է` չեմպիոնություն»

Օրերս «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պարտականությունները ստանձնեց Արամ Ոսկանյանը, ով 2016-2017 թթ.  արդեն աշխատել է երևանյան այս ակումբում:
Վերջին շրջանում 43-ամյա մասնագետը գլխավորում էր Երևանի «Բանանցը», որը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Մինչ այդ Արամ Ոսկանյանը գլխավորել է Երևանի «Միկան», Հայաստանի Մ-19 հավաքականը:
«Ալաշկերտի» մամուլի ծառայության  տված հարցազրույցում   գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնած մասնագետը պատմեց «Ալաշկերտից» ստացած առաջարկի, թիմի կազմի, գլխավոր նպատակի, ինչպես նաև` մարզչական շտաբը համալրած Անդրանիկ Բաբայանի մասին.
«Նախորդ տարվա մարտին «Ալաշկերտից» տեղափոխվեցի «Բանանց», սակայն շատ լավ հարաբերություններ էի պահպանում «Ալաշկերտի» ղեկավարության և ակումբ հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ:
Ստանալով պարոն Նավոյանի առաջարկը` մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ շատ կապված եմ այս ակումբի, կոլեկտիվի, ֆուտբոլիստների հետ: Ֆուտբոլիստների մեծամասնության հետ աշխատել եմ, ծանոթ եմ իրենց խաղային որակներին:
Այսօր «Ալաշկերտում» բարձրակարգ ֆուտբոլիստներ են հավաքված, թիմում առողջ մրցակցություն է բոլոր դիրքերում: Մենք մեծ հույսեր ենք կապում բոլորի հետ, քանի որ չեմպիոն չեն դառնում մեկ կամ երկու հոգի, չեմպիոն է դառնում ամբողջ թիմը` երկար մրցաշրջանի արդյունքում: Բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան «Ալաշկերտի» հաջողություններում. Կլինեն տարբեր տակտիկական լուծումներ, կկիրառվի կազմի ռոտացիա:
Հայաստանի նախորդ երեք տարիների չեմպիոնը իր առջև միայն մեկ նպատակ կարող է դնել` չեմպիոնություն: Դա և ակումբի ղեկավարության, և իմ տեսակետն է: Այնպես որ, մեզ մեծ աշխատանք է սպասվում:
Մեր մարզչական շտաբում Մանուկ Սարգսյանից և Արմեն Կիրակոսյանից զատ, որոնց հետ ես աշխատել եմ, ընդգրկվել է նաև Անդրանիկ Բաբայանը:
Բաբայանը Ռուսաստանում աշխատելու զգալի փորձ է կուտակել` որպես գլխավոր մարզիչ և գլխավոր մարզիչի օգնական, ինչը շատ կարևոր է: Վստահ եմ, որ իր գիտելիքներով, փորձով և մարդկային որակներով նա մեզ շատ օգուտ կտա:
Ի դեպ, վերջերս պարզվեց, որ մենք իրար դեմ ժամանակին խաղացել ենք Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, երբ ես պաշտպանում էի «Բալթիկայի», իսկ նա` «Վոլգարի» գույները»,- նշեց մարզիչը:
Արամ Ոսկանյանի նշանակումից հետո իր առաջին հանդիպումն «Ալաշկերտը» կանցկացնի սեպտեմբերի 30-ին: Այդ օրը ՀՀ  չեմպիոնն իր հարկի տակ կհյուրընկալի    «Արարատին»:

©2018 Armenian Soccer

back to top