Rate this item
(0 votes)

Խաշմանյան. «Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ …»


Ի պատասխան որոշ հայ ֆուտբոլիստների գրառումների՝ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ակումբի մամուլի ծառայության հետ խոսել է վերջերս լեգեոներների լիմիտի վերաբերյալ իր հայտնած կարծիքի մասին
«Ես միշտ ունեցել եմ իմ կարծիքը և արտահայտել եմ այն ցանկացած իրավիճակում, ի տարբերություն ուրիշների: Տեղյակ չեմ եղել, թե ովքեր են քննարկումների մեջ և չեմ էլ կարդացել ոչ մի գրառում:
Խոսել եմ սկզբունքի մասին և հայտնել եմ կարծիք, որն իմ իրավունքն է: Ինձ տեղյակ պահեցին որ ֆուտբոլիստ է պատասխանել իմ կարծիքին: Ասեմ, որ նման քննարկումների ժամանակ ոչ մի ֆուտբոլիստ պետք է կարծիք չունենա, քանի որ ֆուտբոլիստները խոսում են իրենց շահերից ելնելով: Հայաստանում 10 տարի է նույն պատկերն է տիրում, լեգեոներների հետ կապված: Միշտ նույն վիճակն է եղել, ինչո՞ւ այդ ժամանակ, այդ 10 տարիներին չէին խոսում լեգեոներների լիմիտի մասին, իսկ հիմա սկսել են խոսել: Պատասխանը սա է, քանի որ այն ժամանակ խաղում էին, հիմա արդեն դժվարանում են խաղալ, քանի որ իրենց թիմերի կազմում կորցնում են իրենց տեղը և մրցունակ չեն: Քննարկումների մեջ պետք է լինեն ակումբները՝ գլխավոր մարզիչներով և նախագահներով՝ ֆեդերացիայի հովանու տակ:
Տեսել եմ, որ Գևորգ Ղազարյանը նույնպես կարծիք է հայտնել: Ասեմ, որ շատ եմ հարգում Գևորգին, առաջին հերթին որպես մարդ, երկրորդ հերթին շատ եմ գնահատում նրա ծառայությունները մեր ֆուտբոլում: Ինչ վերաբերվում է, թե ով է մտածում հայկական ֆուտբոլի մասին կամ ով է ավելի շատ օգուտ տվել, կասեմ հետևյալը՝ թող դնեն նժարին և համեմատեն մեր ֆուտբոլային գործունեությունը՝ խաղացած տարիներից մինչև մարզչական կարիերա և գնահատական տան:
Վերջում, ես չեմ վիրավորել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկի ասածը, այլ հայտնել եմ կարծիքս: Եթե որևէ մեկը ցանկանում է անձնավորել, ապա բոլորն էլ գիտեն իմ կոնտակները: Ի տարբերություն մի քանիսի՝ Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ և այդ ժամանակը ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար:»

©Armenian Soccer 2019

back to top