Rate this item
(0 votes)

Արմեն Մելիքբեկյանի ոչ ֆորմալ հանդիպումը լրագրողների հետ

Armen Melikbekyan

 

Հուլիսի 22-ին ՀՖՖ ղեկավարությունը ոչ ֆորմալ հանդիպում ունեցավ մարզական լրագրողների հետ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հանդիպման նպատակը Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերում լեգիոներների նոր սահմանափակման ներդրման քննարկումն էր: Օրեր առաջ ՀՖՖ-ն որոշում էր կայացրել` համաձայն որի Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 2 ֆուտբոլիստ:

Լրագրողների հիմնական մտահոգությունն այն էր, որ սահմանափակումը ոչ թե կլուծի հայ ֆուտբոլիստների խաղաժամանակի հարցը, այլ պարազապես արհեստականորեն կբարձրացնի նրանց արժեքը, յուրաքանչյուր թիմ կփորձի իր կազմում ունենալ 2-3 հայ ֆուտբոլիստ, որոնց համար մեկնարկային կազմում տեղը երաշխավորված կլինի, ինչը կբերի մրցակցության պակասի և զարգացման աճի կանգնեցման, իսկ երիտասարդները, միևնույն է, բավարար խաղաժամանակ չեն ստանա: Ակումբներն էլ, իրենց հերթին, կբախվեն հայտացուցակում մեծ թվով հայ ֆուտբոլիստներ ունենալու խնդրին:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ 1-2 տարի, հնարավոր է, ակումբները որոշ խնդիրներ ունենան, սակայն, երբ Երևան ԲԿՄԱ-ն «տա իր առաջին կադրերը», այդ ժամանակ թիմերից շատերը արդեն կհամալրվեն պրոֆեսիոնալ բարձրակարգ ֆուտբոլիստներով, ովքեր ծառայության ընթացքում շատ խաղաժամանակ են ստացել, և ֆուտբոլիստների քանակի խնդիր չի լինի: Մելիքբեկյանը շեշտեց, որ հայ խաղացողներին խաղաժամանակ է պետք, և այն ստանալու դեպքում նրանցից շատերը ոչնչով չեն զիջի լեգիոներներին: Որպես օրինակ բերվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Էդգար Գրիգորյանը, ով մրցաշրջանի  վերջնամասում  ամրապնդվեց մեկնարկային կազմում և օգնեց «Նոային» նվաճել Հայաստանի գավաթն ու առաջնության արծաթե մեդալները, իսկ այժմ վերադառնում է հարազատ «Ուրարտու»: Մելիքբեկյանի խոսքերով` նման օրինակները կարող են շատ լինել, քանի որ հայ ֆուտբոլիստներն ունեն բավարար ներուժ:

Խոսելով մարզային ֆուտբոլի զարգացման մասին` ՀՖՖ նախագահը նշեց, որ իրենց նպատակն է յուրաքանչյուր տարի մարզային մեկ թիմ ավել ունենալ: Եթե նախորդ մրցաշրջանում դա Չարենցավանի «Վանն» էր, ապա նոր մրցաշրջանում Առաջին դիվիզիոնում հանդես կգա նորաստեղծ «Նորավանք» ակումբը, որն իր բոլոր հանդիպումներն անցկացնելու Վայքի մարզադաշտում:

Բացի այդ հիշատակվեց Աբովյանի մարզադաշտի վերանորոգումը, որտեղ ևս շուտով հնարավոր է լինելու միջազգային հանդիպումներ անցկացնել:
Ավելի բարդ է Կապանի մարզադաշտի հարցը, որտեղ ՀՖՖ-ն սպասում է մարզադաշտի սեփականատիրոջ և «Գանձասար-Կապան» ակումբների համաձայնությանը: Եթե կողմերը կարողանան համաձայնության գալ և պայմանագիր կնքել, ապա ՀՖՖ-ն կաջակցի ակումբին մարզադաշտի` ավելի կոնկրետ խոտածածկի և ջրահեռացման համակարգերի նորոգման հարցերում:

Հանդիպման ընթացքում խոսք գնաց նաև երկար ժամանակ քննարկվող ազգային մարզադաշտի հարցը: Նշվեց, որ հարցը օրակարգից չի հանվելև ՀՖՖ-ի ծրագրերի մեջ մտնում է Երևանի արվարձաններից մեկում 30 000-ից ավել հանդիսականների համար նոր մարզադաշտ ունենալը:

 

Image: Football Federation of Armenia

©2020 Armenian Soccer/Edgar Pertrosyan

back to top