Rate this item
(0 votes)

«Ուրարտուն» հունվարի 10-ից մարզումները կշարունակի Երեւանում

Ինչպես մեր թղթակցին հայտնեց նորաստեղծ ֆուտբոլային ակումբի՝ Երեւանի «Ուրարտուի» գործադիր տնօրեն Արտակ  Մելիքյանը  թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը արդեն վերադարձել է  Մոսկվայից ու «Ուրարտուն» հունվարի 10-ից մարզումները կշարունակի արդեն Երեւանում՝ հավանաբար «Կիլիկիա» մարզադահլիճում: Ինչպես, արդեն հայտնել ենք «Ուրարտուն» Սանամյանի ղեկավարությամբ հունվարի 6-ին Մոսկվայի «Դինամոյի մանեժում ստուգողական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Կվազարի» հետ, ու 2:1 հաշվով հաղթեց: Մարզիչը  Մոսկվայում 4 օր տեւած հավաքի ընթացքում փորձարկել է 17-19 տարեկան 16 ֆուտբոլիստների, որոնցից ընտրել է 7-ին:

Վերջիններս կժամանեն  Երեւան , ու այստեղ թիմի հետ կշարունակեն մարզումները: Փորձարկվելիք այդ 7 ֆուտբոլիստներից 6-ը ռուսներ են, եւ միայն մեկն է հայ՝ «Կվազարի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Սեւադա Կարապետյանը: Մելիքյանի խոսքերով «Ուրարտուի» կազմի կորիզը կկազմեն հիմնականում կազմալուծված Աբովյանի «Կինգ Դելյուքսի» 16-22 տարեկան ֆուտբոլիստները, որոնց ներուժին Արմեն Սանամյանը բավականաչափ ծանոթ է: «Ուրարտուում» Սանամյանի օգնականի պարտականությունը կկատարի «Փյունիկում» նրա հետ աշխատած Արմեն Ավագյանը, ով միաժամանակ նաեւ «Ուրարտուի» դարպասապահների մարզչի պաշտոնը կստանձնի: «Ուրարտուի» գործադիր տնօրենը հայտնեց նաեւ, որ հունվարի 14-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունենալիք ակումբի հիմնադրման շնորհանդեսից հետո «Ուրարտուն» կգրանցվի ՀՖՖ-ում: Ակումբի ղեկավարությունը մտադիր է, որ «Ուրարտուն» այս տարվա օգոստոսից մասնակից նոր մեկնարկելիք ՀՀ 1-ին խմբի առաջնությանը: Մինչ այդ «Ուրարտուն» ընկերական հանդիպումներ կունենա հիմնականում 1-ին խմբի առաջնության խաղացանկով նախատեսված այն օրերին, ու այն մրցակիցների հետ, որոնց պատրաստվում էր հանդիպել լուծարված «Կինգ Դելյուքսը»: Բացի այդ «Ուրարտուն» պլանավորում  է  մասնակցել նաեւ տարբեր մրցաշարերի: Ի դեպ, գարնանը  Իսպանիայում նախատեսում  է  կազմակերպել «Ուրարտուի» ուսումնամարզական երկշաբաթյա հավաք:







©2013 Armenian Soccer

back to top