Rate this item
(0 votes)

Աշոտ Բարսեղյան.«Նախապատրաստական փուլում կատարած աշխատանքներից գոհ ենք»

ՀՀ բարձրագույն խմբի 25-րդ առաջնույան մասնկից՝ Կապանի   «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը ակումբի մամուլի ծառայությանը տված  լայնածավալ հարցազրույցում ներկայացրել  է, թե ինչպես է ընթանում իր գլխավորած  թիմի Բուլղարիայում շարունակվող   ուսումնամարզական հավաքը:
«Գանձասար-Կապանը» շարունակում է իր ուսումնամարզական հավաքը Բուլղարիայում։ Թիմն արդեն անցկացրել է ստուգողական երեք հանդիպում՝ նախ հաղթելով վրացական «Սաբուրթալոյին» (2:0), այնուհետև՝  գոլազուրկ ոչ-ոքիներ գրանցելով Կիրպոսի բարձրագույն խմբի ներկայացուցիչներ «Էթնիկոսի» և ԱԵԼ-ի հետ։
- Ի՞նչ հունով է ընթանում Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքը։
- Ուսումնամարզական հավաքը ծառայում է իր նպատակին, այն առումով, որ Բուլղարիայում մեզ համար շատ կարևոր երեք հանդիպում անցկացրինք։ Այդ խաղերը կարևոր էին նրանով, որ մրցում էինք իրենց երկրների բարձրագույն խմբի առաջնությունները ներկայացնող թիմերի հետ։ Ե՛վ վրացական, և՛ կիպրոսյան թիմերը բավականին լուրջ թիմեր էին։ Լիմասոլ քաղաքի ԱԵԼ թիմը առանձնանում էր իր որակով և խաղով։ Այստեղ մենք նաև իմացանք, որ նրանք միշտ մասնակցել են եվրոգավաթների խաղարկություններին։ ԱԵԼ-ը լեգեոներներով հագեցացած շատ ուժեղ կազմ ուներ։ Ինչո՛ւ եմ ասում այս ամենը, որովհետև մենք այստեղ հանդիպումներ ենք անցկացրել շատ լուրջ թիմերի հետ, որպեսզի կարողանայինք գնահատել մեր ներկայիս վիճակը, թե՛ ֆիզիկական, թե՛ տեխնիկատակտիկական առումներով։ Առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեցինք վրացական «Սաբուրթալո» թիմին, մյուս թիմերի՝ «Էթնիկոսի» և ԱԵԼ-ի հետ խաղերում 0-0 հաշիվը գրանցվեց, չնայած գոլ խփելու հնարավորություններ մենք ունեինք։ «Էթնիկոսի» հետ խաղում մենք գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեինք։ Նրանց դարպասապահը՝ Մարտին Բոգատինովը, ով նաև Մակեդոնիայի ազգային հավաքականի դարպասապահն էր շատ լավ խաղ ցույց տվեց և 2-3 անգամ կարողացավ փրկել իր թիմին վերահաս գոլերից։ Իսկ վրացական թիմի հետ խաղում ես չեմ հիշում մի պահ, երբ հակառակորդը մեր դարպասի մոտ գոլ խփելու հնարավորություն ունեցած լինի։ Ինչ վերաբերվում է ԱԵԼ-ի հետ խաղին, ապա ասեմ, որ առաջին խաղակեսում ընդհանուր առմամբ հավասար խաղ էր ընթանում, չնայած մենք մի փոքր առավելություն ունեինք։ ԱԵԼ-ի ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում ընդամենը երկու պահ են կարողացել ստեղծել մեր դարպասի մոտ, որոնցից մեկում գնդակը ետ մղվեց դարպասաձողից։ Իսկ մենք գոլ խփելու 3-4 շատ լավ հնարավորություն ունեցանք, ուղղակի այս խաղն աչքի ընկավ շատ ուժեղ դինամիկայով։ Չգիտեմ, թե ինչու, բայց այս խաղում և՛ մենք, և՛ հակառակորդ թիմն ամեն ինչ անում էր հաղթելու համար։ Եթե անծանոթ մարդիկ լինեին այս խաղին, ապա կարող էին մտածել, որ սա ինչ-որ մրցաշարի եզրափակիչ հանդիպում է։ Մինչև վերջին վայրկյանը էմոցիոնալ հանդիպում ստացվեց։ Ամեն դեպքում զգացվում էր, որ ԱԵԼ-ը շատ պատրաստված թիմ է այն առումով, որ որակյալ ֆուտբոլիստներ իսկապես ունեին, ունեին բրազիլացի, իսպանացի ֆուտբոլիստներ։ Ինչու՛ եմ այսքան բան ասում, բնական է, սա ասում եմ նրա համար, որպեսզի ընթերցողը հասկանա, որ մենք խաղացել ենք լուրջ թիմերի հետ։ Եթե ընդհանրացնենք Բուլղարիայում մեր ունեցած ստուգողական հանդիպումները, ապա պետք է ասեմ, որ ես շատ գոհ եմ տղաների ցուցադրած խաղից։ Խաղ առ խաղ տղաները կարողացան իրենց կամային որակները ցույց տալ։ Այստեղ հստակ երևաց տղաների ֆունկցիոնալ պատրաստակամությունը։ Բոլոր թիմերի, անգամ ամենազորեղ մրցակիցների հետ խաղերում մենք մինչև վերջին րոպեն ճնշում գործադրողի դերում ենք եղել, դաշտի և ոչ մի անկյունում, մենապայքարներում չենք զիջել։ ԱԵԼ-ի ֆուտբոլիստները բավականին բարձրահասակ էին, նրանք ուզում էին հաջողության հասնել ստանդարտների օգնությամբ։ Պետք է ասեմ, որ մեր տղաները թեպետև մի փոքր շուտ ցատկելով, բայց կարողանում էին հաղթող դուրս գալ նաև երկրորդ հարկում։ Ամեն դեպքում շատ լավ խաղեր ստացվեցին, նպատակին ծառայեց։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել և շնորհակալություն հայտնել տղաներից։ Նրանք իսկապես անմնացորդ նվիրումով էին գործում և ես շատ մեծ հույսեր ունեմ, որ այս կերպ շարունակելու դեպքում, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մենք արդյունքի կհասնենք, որովհետև ես տղաների մոտ հաղթելու ցանկություն, ձգտում, անմնացորդ նվիրում եմ տեսնում։ Նրանց վերաբերմունքը խաղին ինձ ոգևորում է, ես ավելի լավ եմ զգում ինձ։
- Թիմում կան նորեկներ՝ Արտակ Ալեքսանյանը, Կլաուդիր Մարինին, նրանց մասին ի՞նչ կասեք։
- Արտակին ճանաչում եք բոլորդ, անգամ ինձնից լավ։ ՈՒղղակի Արտակն ինչ-ինչ պատճառներով մի քանի ամիս չէր մարզվել։ Ճիշտ է, նախկինում Արտակ Ալեքսանյանի դեմ խաղացել էինք, բայց անկեղծ եմ ասում նրա խաղին այդքան էլ մեծ ուշադրություն չէի դարձրել։ Արտակը խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, նաև ազգային հավաքականում։ Նա շատ որակյալ ֆուտբոլիստ է։ Երբ նա միացավ մեզ և սկսեց մասնակցել մեր մարզումներին, ես հասկացա, որ Արտակն իսկապես մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է։ Արտակի հետ աշխատում էինք անհատական ծրագրով։ Առաջին խաղում նա 20 րոպե խաղաց։ Երկրորդ խաղում՝ մեկ խաղակես, իսկ ահա երրորդ խաղում նրան ընդգրկեցինք մեկնարկային կազմում։ Բավականին լավ էր։ Կարծում եմ, որ ուսումնամարզական այս հավաքն էլ Արտակի համար օգտակար էր, որովհետև ճիշտ է դեռ ոչ լրիվ, բայց որոշակի չափով մարզավիճակ ձեռք բերեց։ Առաջնության ընթացքում և նախապատրասական ժամանակահատվածներում մենք կկարողանանք լրացնել այդ բացը։ Արտակը որպես ստեղծարար ֆուտբոլիստ ինձ դուր է գալիս։ Ես հույս ունեմ, որ նոր մրցաշրջանում նա մեզ շատ կօգնի։ Մեր մյուս նորեկը ազգությամբ բրազիլացի է, եթե չեմ սխալվում մենք նրա մասնակցությամբ երկու մարզում ենք անցկացրել։ Պետք է հաշվի առնենք, որ նա մեզ միանալու համար երկար ճանապարհ է կտրել, և ամբողջությամբ դեռ չի ադապտացվել։ Վերջիվերջո ուրիշ մայրցամաքից եկել է մեզ մոտ։ Բայց դա էլ չի խանգարում մեզ նրան, որպես ֆուտբոլիստ հասկանալու համար։ Գնդակի հետ վարվելու կարգից ամեն ինչ պարզ է դառնում, այնպես որ այս ֆուտբոլիստն էլ նոր մրցաշրջանում մեզ կօգնի։ Մենք նրա հետ պայմանագիր ենք ստորագրել։ Մարինին ունի գոլահարի որակներ, անհատական որակներ նույնպես ունի, իսկ նման ֆուտբոլիստներ մեզ պետք են։ Նարեկ Բեգլարյանի գնալուց հետո մենք լուրջ խնդիրներ ունեինք առաջին գծում, մնացել էր միայն Գեղամ Հարությունյանը։ Կարծում եմ, որ Հարությունյանն ու Մարինին կկարողանան միասին շատ լավ և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել։
- Նախապատրաստության վերջին փուլը մոտենում է ավարտին։ Ի՞նչ եք կարծում, թիմն արդեն պատրաստ է առաջնության մեկնարկին:
- Մինչև օգոստոսի 3-ը մենք լինելու ենք Բուլղարիայում, շարունակելու ենք նախապատրաստվելը։ Այս խաղից հետո մենք ևս մեկ հանդիպում էինք նախատեսել, բայց այն չեղյալ համարեցինք, որովհետև այդ խաղը շատ մոտ էր լինում <Ալաշկերտի>> հետ առաջնության անդրանիկ տուրի հանդիպմանը, ուստի ավելորդ ռիսկերից խուսափելու համար, մենք ավելի ճիշտ գտանք, որ այդ հանդիպման փոխարեն երկկողմանի հանդիպում անցկացնենք։ Սա շատ կարևոր հավաք էր, քանի որ մենք Երևանում նման թիմերի դեմ չէինք կարող մրցել։ Մեզ պետք էին միջազգային այսպիսի թիմեր և շատ ուժեղ, որպեսզի մենք կարողանայիք հասկանալ, թե որքանով ենք պատրաստ։ Կարծում եմ, որ այս հավաքը շատ հարցերի պատասխաններ տվեց։ Մենք ունեինք նաև երիտասարդ նորեկներ, ովքեր բոլորն էլ այս հավաքի ընթացքում խաղալու հնարավորություն ստացան։ Մենք մեծ ինֆորմացիա ստացանք նրանց խաղից և մեր հետագա աշխատանքի մասին պատկերացում կազմեցինք։ Անգամ եղան մարդիկ, ովքեր ինձ հաճելիորեն ուրախացրին և զարմացրին։ Այնպես որ մինչ այս պահը հավաքն իր նպատակին ծառայում է։ Ամենակարևորը շատ գոհ եմ մեր թիմի միասնականությունից և կարգապահությունից։ Մեր հաջողության հիմքը լինելու է այն, որ մենք շատ կազմակերպված ու լավ տղաներով համալրված թիմ ունենք։ Մեր կոլեկտիվն իսկապես շատ լավն է։ Այնպես որ օգոստոսի 3-ին մենք կգանք Հայաստան և կպատրաստվենք ներքին առաջնությանը։
- Կարելի՞ է եզրակացնել, որ թիմի նախապատրաստությունից գոհ եք։
- Իհարկե, որովհետև մենք նախապատրաստվել ենք փուլ առ փուլ։ Սկսած առաջին և երկրորդ փուլից, որն անցկացրինք Երևանում և երրորդը, որն անցավ Բուլղարիայում։ Մենք ամեն ինչ արել ենք ըստ հերթականության։ Ամեն ինչ արվել է ճիշտ ու նորմալ։ Ես ձեզ ասեմ, որ այս ուժեղ թիմերի հետ խաղերը, այն պարագայում երբ մրցակցի ֆուտբոլիստները իրոք ատլետներ էին և ֆիզիկապես շատ ուժեղ, անգամ նույնատիպ ֆուտբոլիստներ կային նաև պահեստայինների նստարանում, որ իրենց թույլ էին տալիս միանգամից 3-4 փոփոխություն կատարել, իսկ խաղադաշտ մտնողներն էլ մեկը մյուսից ուժեղ ֆուտբոլիստներ էին։ Այսինքն հակառակորդի փոխարինումներից հետո խաղի որակը չէր փոխվում։ Այս խաղերն, ու հատկապես ԱԵԼ-ի հետ երկրորդ խաղակեսում մեր ցույց տված խաղը ապացուցեց այն, որ մեր աշխատանքն իր նպատակին հասել է, քանի որ տղաները կարողանում են այս ծանրաբեռնվածության ներքո ճիշտ աշխատեն, լավ խաղան։ Այս նախապատրաստությունից մենք գոհ ենք։ Հայաստանում էլ օրը երկու մարզում անցկացնելով, մենք կարողացանք մեր տղաներին բերել այն մակարդակի, որ նրանք կարողանան նման մակարդակի թիմերի հետ հավասարը հավասարի ու դեռ ավելի լավ ֆուտբոլ խաղալ։


©2016 Armenian Soccer

back to top