Կենտրոնական պաշտպաններ Վլատկո Դրոբարովն ու Լայոնել Ադամսը չեն շարունակի իրենց ելույթները Երևանի «Բանանցում»:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Երկու ֆուտբոլիստների և «Բանանցի» միջև կնքված պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Երևանի «Բանանցը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար:
Մակեդոնացի պաշտպան Վլատկո Դրոբարովը «Բանանցում» անցկացրեց երկու ամբողջական մրցաշրջան՝ երկու մրցաշրջանում էլ լինելով «Բանանցի» կազմում բոլորից շատ խաղաժամանակ անցկացրած ֆուտբոլիստը: Դրոբարովը մասնակցել է Հայաստանի առաջնության 52 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ: Եվս 9 անգամ նա մասնակցել է Հայաստանի գավաթի հանդիպումների, 1 անգամ էլ մասնակցել է ՀՀ սուպերգավաթի խաղարկության հանդիպման: Դրոբարովը կարիերան կշարունակի կիպրոսյան «Արիս» թիմում:
Ռուսաստանցի պաշտպան Լայոնել Ադամսը 2016-ի հունվարին միացավ «Բանանցին» և մասնակցել է ՀՀ առաջնության 24, գավաթի խաղարկության 7 և սուպերգավաթային 1 հանդիպման:
Երկու ֆուտբոլիստներն էլ «Բանանցի» կազմում դարձել են ՀՀ գավաթակիր:
©2017 Armenian Soccer