Rate this item
(0 votes)

Քվեարկությունն ամփոփվեց. հայտնի են մրցաշրջան 2019/20-ի լավագույնները

Armenian Soccer Trophy

Աշխարհը պատուհասած կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային աշխարհում ամենահայտնի մրցանակաբաշխության՝ The Best FIFA Football Awards-ի կայացումն  2020թ-ին առ այսօր էլ մեծ կասկածի տակ է: Լավագույնները, նրանց որոշողներն ու նրանց երկրպագուները անորոշության մեջ են, մինչդեռ մեզ մոտ արդեն ամե՜ն ինչ հայտնի է: Սեպտեմբերի 15-ին՝ 19:00-ին, Holiday Inn Express հյուրանոցում 2-րդ տարին անընդմեջ կկայանա Armenian Soccer կայքի կազմակերպած մրցանակաբաշխությունը, որին ներկա կգտնվեն հայկական ֆուտբոլի ներկայացուցիչներն ու երախտավորները, ինչպես նաև՝ հայկական ֆուտբոլին անդրադարձող լրագրողները:
Հավատարիմ մնալով մեր ավանդույթներին ու սկզբունքներին՝ մենք ոչ միայն մատչելի ու հասանելի ենք դարձնում հայկական ֆուտբոլը երկրպագուների ու արտասահմանյան ակումբների ներկայացուցիչների և սելեկցիոներների համար, այլև՝ վեր կանգնում բացառապես սպառողական մոտեցումներից: Տարիներ շարունակ մենք սահմանել ու հանձնում ենք մրցանակներ՝ մրցաշրջանի արդյունքներով «Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ», «Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» և «Հայ լավագույն ֆուտբոլիստ», իսկ արդեն 2-րդ տարին է՝ նաև «ԲԽ առաջնության լավագույն գոլ» անվանակարգերում:
Հայկական ֆուտբոլի հերթական մրցաշրջանի լավագույնների քվեարկությունն արդեն ավարտված է, լավագույնները՝ հայտնի:

«2019/20 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստ» անվանակարգում լավագույնի կոչմանը ձայների ճնշող մեծամասնությամբ արժանացավ մեր ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Ռոմայի» ֆուտբոլիստն իր ակտիվում ունի 30 խաղ, 9 գոլ, 6 գոլային փոխանցում  Սերիա-Ա-ում և Եվրոպայի լիգայում: Թերևս այդքանը բավական էր մեր կայքի ընթերցողների 52,1%-ի համար՝ Հենրիխին լավագույնը ճանաչելու: Քվեարկության արդյունքում 2-րդը Սարգիս Ադամյանն է «Հոֆֆենհայմից»՝ ձայների 25%-ով, 3-րդը Գեղամ Կադիմյանն է (13,5%), իսկ Էդգար Բաբայանն ու Տիգրան Բարսեղյանը եզրափակում են լավագույն հնգյակը՝ համապատասխանաբար 6,3% ու 3,1%-ով:  
Henrikh Mkhitaryan

Հենրիխ Մխիթարյան


«2019/20 մրցաշրջանի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 33,1% արդյունքով հաղթող է ճանաչվել Հայաստանի արդեն կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման: Կաբովերդացի հարձակվողն արդեն անցած մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» կազմում առավելագույն թվով խաղերին մասնակցած ու դաշտում ամենից շատ րոպե անցկացրած ֆուտբոլիստն է, ով նաև ամենից շատ գոլի հեղինակ դարձավ (8)` դրանով իսկ նպաստելով թիմի չեմպիոնությանը: Քվեարկությունում Մաիլսոնն առաջ անցավ շիրակցի Մորի Կոնեից, ով հավաել է քվեարկողների ձայների 25%-ը և գրավել 2րդ հորիզոնականը։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Ալաշկերտի» արդեն նախկին ֆուտբոլիստ Գուստավոր Մարմենտինին (21%)։ Լավագույն հնգյակը եզրափակեցին Մաիլսոնի թիմակից, ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն (14,5%) ու «Նոայի» հարձակվող Մակսիմ Մայրովիչը (6,4%):
Mailson Lima

Mailson Lima


«2019/20 մրցաշրջանի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն մարզիչ» անվանակարգում նախորդ տարվա «չեմպիոն» Վարդան Մինասյանին հաղթեց «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: Մոլդովացի երիտասարդ մասնագետի գլխավորությամբ «Նոան» միայն վերջին տուրում զիջեց չեմպիոնությունը «Արարատ-Արմենիային», սակայն իսկական կամային հաղթանակ տարավ նույն թիմի հետ գավաթային եզրափակչում՝  հանդիպման արդեն 30-րդ րոպեին 0:3 հաշվով մրցակցին զիջելուց հետո խաղի հիմնական ժամանակը 4:4, լրացուցիչ ժամանակն էլ՝ 5:5 հաշվով ավարտելով ու հետխաղյա 11-մետրանոցների շարքում պողպատե նյարդեր ու կամք դրսևորելով: Ավելորդ չի լինի նշել, որ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի խաղարկությունում ևս «Նոան» ուժեղ էր մրցակից, որն այս անգամ դաշտ էր դուրս եկել արդեն «Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ:
Պիկուշչակին լավագույնների քվեարկությունում հաջորդում են Վարդան Մինասյանը (22%), Վարդան Բիչախչյանը (19,4%) և Դավիդ Կամպանյան (0,5%):
Igor Picusceac

Igor Picusceac


Եվ վերջապես Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի «Տարվա լավագույն գոլ» է ճանաչվել 3-րդ՝ «եզրափակիչ» շրջանի հաղթող, նոացի Կիրիլ Բոռի գոլը «Ալաշկերտի» դարպասին ԲԽ 25-րդ տուրում: Բոռի գոլի օգտին է քվեարկել հարցվողներից 16-ը: 11-ը առավելությունը տվել են Մորի Կոնեի՝ 2-րդ շրջանի լավագույն գոլին, իսկ 7-ը՝ 1-ին շրջանի հաղթող Դավիթ Մինասյանի գոլին:
Kirill Bor

Kirill Bor

Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումով

Այսպիսով, սեպտեմբերի 15-ին Holiday Inn Express հյուրանոցում կայանալիք մրցանակաբաշխությանը հենց նրանք կպարգևատրվեն լավագույնների՝ արդեն ավանդական դարձած ոսկեզօծ արձանիկներով: Իսկ թե էլ ի՛նչ անվանակարգեր ու հիշատակումներ կլինեն՝ կիմանաք արդեն մրցանակաբաշխության ընթացքում:

 

©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan

Images: Henrikh Mkhitaryan, FC Ararat-Armenia, FC Noah, Armenian Soccer

Related Video

back to top