Rate this item
(0 votes)

Լավագույնների պարգևատրումը. Կայացավ Armenian Soccer Awards 2020թ.-ի մրցանակաբաշխությունը

Սեպտեմբերի 15-ին Holiday Inn Express հյուրանոցում Inecobank-ի անմիջական աջակցությամբ կայացավ Armenian Soccer Awards-2020՝ արդեն ավանդական դարձած ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էր հայկական ֆուտբոլային ողջ ներկապնակը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, զանգվածային լրատվական միջոցների, ինչպես նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների ներկայացուցիչները, բացառությամբ «Լոռի» ՖԱ-ի: Վերջիններս Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրից հետաձգված խաղն էին անցկացրել Վանաձորում ու պարզապես հնարավորություն չունեին Երևանում լինելու:

Միջոցառմանը պատվավոր հյուրերի թվում էին Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը և Հայաստանի հավաքականի ու Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը:

Երեկոն մեկնարկեց Armenian Soccer-ի հիմնադիր Էդգար Պետրոսյանի ողջույնի խոսքով, ով կարևորեց նման միջոցառման անցկացումը, քանի որ լավագույնների պարգևատրումը միշտ էլ խթանում է մարզիչներին, ֆուտբոլիստներին, ֆուտբոլային գործիչներին, ավելի մոտիվացված մոտենալ գործին, ինչն ավելի նպաստում ֆուտբոլի զարգացմանը։
Ինչպես 2019-ին, երբ մրցանակաբաշխությունն իր բազմամյա պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվեց պատվավոր հյուրերի մասնակցությամբ, այնպես էլ այս անգամ մրցանակներ էին սահմանված անցած մրցաշրջանի լավագույն գոլ, մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստ, մրցաշրջանի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն մարզիչ անվանակարգերում:

Հաղորդավարների բացման խոսքից և մրցաշրջանի ամփոփումից հետո, միջոցառման ներկաներն առիթ ունեցան մի քանի հետաքրքիր ամփոփ հոլովակով վերհիշել անցած մրցաշրջանն: Իսկ արդեն այդ ամենին հաջորդեց բուն մրցանակաբաշխության արարողությունը:
Նախ, բեմ հրավիրվեցին անցած ֆուտբոլային առանց այն էլ բարդ մրցաշրջանի՝ Հայաստանի ԲԽ առաջնության 3 շրջանների լավագույն գոլերի հեղինակներ Դավիթ Մինասյանը, Մորի Կոնեն ու Կիրիլ Բոռը: Լավագույն գոլերի հեղինակներին որոշել էին ակումբների մարզիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Armenian Soccer-ի փորձագիտական խումբը:
Առաջին շրջանի լավագույն գոլի հեղինակ, «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Դավիթ Մինասյանը խոստացավ, որ մեկնարկած առաջնությունում ևս գեղեցիկ գոլեր կխփի, որպեսզի ևս մեկ անգամ հայտնվի լավագույն գոլի հեղինակների թվում:
«Արարատի» հարձակվող Մորի Կոնեն իր մրցանակը ստացավ դեռևս «Շիրակի» կազմում խփած գոլի համար: Երկրորդ շրջանի լավագույն գոլի հեղինակը ընդգծեց, որ իր գոլը թիմային գործողությունների արդյունք էր, իսկ իր խփած մյուս գեղեցիկ գոլերից առանձնացրեց «Նոայի» դարպասը խփած գնդակը:
Իսկ առաջնության եզրափակիչ փուլի և առհասարակ՝ ամբողջ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ Կիրիլ Բոռը նշեց, որ հեռու տարածությունից այդքան էլ շատ գոլեր չի խփել, և այս մեկը, հավանաբար, երկրորդ դեպքն էր, երբ նա տուգանայինից իրացրած հարվածով գրավել էր մրցակցի դարպասը:

 

Երկրորդ տեսանյութից հետո հերթը հասավ լավագույն ֆուտբոլիստների և մարզչի մրցանակաբաշխությանը: Armenian Soccer-ի ընթերցողների բաց քվեարկության արդյունքում մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստ էր ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս հասկանալի պատճառներով ներկա չէր միջոցառմանը, և իր մրցանակը կստանա, երբ կմիանա Հայաստանի հավաքականին:
«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Մաիլսոն Լիման քվեարկության արդյունքում ճանաչվել էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Կաբովերդացի ֆուտբոլիստը շատ հուզված էր՝ մրցանակը ստանալիս: Նա նշեց, որ երջանիկ է Հայաստանում, ու վստահ է, որ այս մրցանակի վերաբերյալ լուրն իր հայրենիքում մեծ ուրախությամբ կընդունեն: Լիման շնորհակալություն հայտնեց իր ընտանիքին, և մասնավորապես իր ընկերուհուն, ով նույնպես ներկա էր միջոցառմանը:
Իսկ Հայաստանի առաջնության լավագույն մարզչի մրցանակը Inecobank-ի վարկային ռիսկերի ծառայության ղեկավար Վահե Հայրապետյանը հանձնեց «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակին: Վերջինիս գլխավորությամբ ամբողջովին նոր կազմ հավաքագրած «Նոան» հենց առաջին մրցաշրջանում դարձավ Հայաստանի գավաթակիր և փոխչեմպիոն: Պիկուշչակը նշեց, որ մրցաշրջանի մեկնարկում, իհարկե, չէր սպասում, որ նման մրցանակի կարժանանա, բայց շատ շնոհրակալ է և շատ է կարևորում այս մրցանակը: Մարզիչը նաև համեստորեն նշեց, որ դա ոչ թե իր, այլ ամբողջ թիմի հաջողությունն է, և եթե ֆուտբոլիստները համախմբված չլինեին, նման հաջողություններ թիմը չէր հասնի:

Armenian Soccer-ի 6-րդ մրցանաբաշխությունն ավարտվեց հյուրասիրությամբ և հյուրերի անմիջական շփումով: Նոր մրցաշրջանն արդեն ընթացքի մեջ է, և շուտով հայտնի կդառնան Armenian Soccer Awards-ի 2021թ.-ի լավագույնների առաջին թեկնածուները…

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

Armenian Soccer Awards - 2020

 

©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan

Images: Armenian Soccer

back to top